Կիևում սկսվել են 3 միլիոն մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքները. The New York Times

Կիևում սկսվել են 3 միլիոն մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքները. The New York Times



Կիևի իշխանությունները սկսել են քաղաքի բնակիչների «ամբողջական տարհանման» նախապատրաստությունը։ Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը։
Պարբերականի համաձայն՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ամբողջական հոսանքազրկման դեպքում  անհրաժեշտ կլինի դուրս բերել մոտ 3 միլիոն բնակչի։ Նոյեմբերի 5-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է, որ քաղաքը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։
Նոյեմբերի 2-ին Էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն հայտնել էր, որ Ուկրաինայում վնասվել է էներգահամակարգի սարքավորումների 35-45 տոկոսը։ Նա նշել է, որ հարվածները եղել են տրանսֆորմատորային ենթակայանների վրա, ինչը դժվարացնում է էլեկտրաէներգիայի տեղափոխումը։
Ռուսաստանը հոկտեմբերի վերջից թիրախավորում է ուկրաինական ենթակառուցվածքները ճշգրիտ կառավարվող զենքերով։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն արդեն զգալիորեն խոչընդոտել է երկաթուղով ուկրաինական ռեզերվների տեղափոխումը մարտական ​​դիրքեր։ Բացի այդ, հարվածները խաթարել են արտադրությունը երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում։
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, լավատեսությունը չեն կորցնում: Երկրի նախագահ Զելենսկին վստահ է օբյեկտների վերականգնման և էներգետիկ համակարգում իրավիճակի կայունացման հարցում, որից հետո խոստացել է շարունակել Ուկրաինայից էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպա։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան էլ կանխատեսել է երկրում ծնելիության աճ՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ «Իրականում ես կարծում եմ, որ գուցե Ուկրաինայում ծնելիությունը կբարելավվի, քանի որ մարդիկ պետք է տանը մնան առանց էլեկտրականության»,- ասել է նա։ Կուլեբայի խոսքով՝ սա լավագույն ժամանակն է կյանքը վայելելու համար։