Ֆինլանդիան չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստյոն, հայտնում է РИА Новости-ն:
«Թեև մենք նախապես որևէ սահմանափակում չենք դնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հանդեպ, Ֆինլանդիան բացարձակապես մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում»,- ասել է պետության ղեկավարը և խոստովանել, որ ոչ ոք դեռևս նման բան չի էլ առաջարկել:
Ֆիննական լրատվամիջոցները հոկտեմբերի վերջին գրել էին, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալու մասին օրինագիծը գործնականում որևէ սահմանափակում չի պարունակում երկրի տարածքում ռազմակայանների կամ զանգվածային ոչնչացման զենքերի տեղակայման վերաբերյալ։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել մայիսին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին։ Դաշինքի անդամ 30 երկրից 28-ն արդեն ընդունել են դրական որոշում, բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը չի ապահովի Եվրոպայի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի դառնա գոյության սպառնալիք Ռուսաստանի համար: