Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն 08.11.2022 . Տարածաշրջան

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն
		08.11.2022 . Տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին ողջունել է արդյունավետ քննարկումները, որոնք իրենք նախաձեռնել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և շարունակվել կողմերի միջև հետագա շփումներում՝ նշված է պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։

Նա ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, նշել՝ «1991 թ. անկախության վերականգնումը կենսական կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, որոնց ԱՄՆ-ը մեծապես աջակցում է»։

«Կարծում եմ՝ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարի տևող հակամարտությունն ունեցել է հսկայական մարդկային, նյութական ծախսեր՝ կորցրած կյանքեր, խոր սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, երկու երկրների կողմից իրական և խիզախ քայլեր են՝ անցյալը ետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակի համար և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենը հայտնել է ԱՄՆ հանձնառությունը՝ անելու հնարավորը՝ այս ջանքերում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու համար։

«Կարծում եմ, որ դա ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ և՛ Ձեզ, և՛ Ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք»,- եզրափակել է պետքարտուղարը: