Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարում է իր պարտականությունները:
Լրագրողը խնդրել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:
«Ես կարող եմ ասել հակառակը: Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում և աշխատանք է տարվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
«Սրացումներ նախկինում էլ բազմիցս եղել են: Խնդիրներ եղել են: Կողմերը միմյանց մեղադրել են, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կայունացման համար, և նրանք դա կարողացել են: Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: