Հայրենիքի նվիրյալների հիշատակը կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով. Արայիկ Հարությունյանի ուղերձը 01.01.2023 . Արցախ

Հայրենիքի նվիրյալների հիշատակը կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով. Արայիկ Հարությունյանի ուղերձը
		01.01.2023 . Արցախ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում նշված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև:
 
Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը:
 
Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի և հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով:
 
Թանկագի՛ն բարեկամներ,
 
Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:
 
Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար:
 
Ուզում եմ հիշենք և մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով և պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի:
 
Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին:
 
Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: