Անկարան կշարունակի հակաահաբեկչական անդրսահմանային գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիայի սահմանների մոտ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջին զինյալի ոչնչացումը։ Դա վերաբերում է ինչպես Հյուսիսային Իրաքին, այնպես էլ Սիրիային»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զգուշացրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում Անկարայի նոր ռազմական գործողությանը և այն անընդունելի է համարում։
Մինչ այդ էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կոչ էր արել դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խանգարել Անկարային անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի դեմ։