Կոսովոյում ՆԱՏՕ-ի (KFOR) անվտանգության ուժերի ներկայացուցիչները փորձել են ուժով ցրել Զվեչանի քաղաքապետարանի շենքը շրջափակած սերբերին: Գործողության ժամանակ կիրառվել է հատուկ տեխնիկա՝ խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ, կան տուժածներ, հայտնում է սերբական Вечерне новости-ն:
Թերթի թղթակցի փոխանցմամբ՝ այնտեղ ռումբերի պայթյուններ և կրակոցներ են լսվել։
Երկուշաբթի առավոտյան Կոսովոյի հարյուրավոր, այնուհետև հազարավոր սերբեր հավաքվել են նահանգի հյուսիսում գտնվող քաղաքների տեղական իշխանությունների շենքերի առջև և Կոսովոյի ոստիկանությունից պահանջել հեռանալ տարածքից, իսկ ալբանացի քաղաքապետներից՝ լքել զբաղեցրած շենքերը:
ՆԱՏՕ-ի զորակազմը տեղացի ալբանացիներին և սերբերին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանի հյուսիսում էսկալացիայից և հայտարարել է իրենց ուժերի ներկայության ավելացման մասին:
Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիրը նշել է, որ սերբերի բոյկոտի ժամանակ ալբանական կուսակցություններից ընտրված մունիցիպալիտետների ղեկավարները պետք է կատարեն իրենց պարտականությունները, բայց չպետք է բռնի կերպով գրավեն նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը։