Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը:
«Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները:
Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և նրանց կողմից ապրանքը շուկա դուրս բերելու գործին և ձեռնարկել բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար:
Այսուհետ ևս ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը շարունակելու է սահմանել շուկայում ապրանքների մանրածախ ու մեծածախ գների առավելագույն չափը, իսկ պետական տեսչությունների կոմիտեի տեսուչները Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ՝ խախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառելով պետական հարկադրանքի միջոցներ:
Կրկին անգամ խնդրում և հորդորում ենք շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին՝ զանգահարելով 5099 կարճ համարին»,- գրել է նա: