Նիգերի ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության կազմում ընդգրկվել է 20 նախարար՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նիգերի ապստամբների առաջնորդը նաև հանդիպել է պետական հեղաշրջումից հետո Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կողմից նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ:
Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Նիգերում իրավիճակն ապակայունացնում է Ֆրանսիան, որը ցանկանում է օգտագործել այդ երկրում տեղակայված իր զորախումբը։ Պաշտոնյան զգուշացրել է՝ հաշվի առնելով այդ փաստը՝ անվտանգության ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի և հրահանգ է տրվել մոբիլիզացնել բնակչությանը:
Ավելի վաղ ապստամբները մեղադրել էին Ֆրանսիային նաև աֆրիկյան երկրի օդային տարածքը խախտելու համար։ Փարիզը հերքել է ներկայացվող մեղադրանքները:
Լրատվամիջոցները գրում են, որ իշխանության զավթումից և նախագահ Մոհամեդ Բազումի տապալումից հետո Արևմտյան Աֆրիկայում հակաֆրանսիական տրամադրություններին զուգահեռ ակտիվացել են ռուսամետ տրամադրությունները, ինչը, Reuters գործակալության պնդմամբ, մտահոգում է Արևմուտքին:
CNN-ը գրում է, որ 2 օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Նիգերում իշխանությունը զավթած ապստամբների հետ՝ բացատրելու, որ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում: Կողմերին, սակայն, չի հաջողվել համաձայնության գալ: