Անցյալ կիրակի Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ «Վասիլի Բիկով» պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել Պալաուի դրոշով թուրքական «Շուքրյու Օքան» բեռնափոխադրող նավի վրա այն բանից հետո, երբ նավապետը չի ենթարկվել «օրինական ստուգման» համար կանգ առնելու հրամանին, գրում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի սևծովյան ափի մոտ գտնվող չեզոք ջրերում:
«Բեռնանավի նավապետը չի արձագանքել արգելված բեռների փոխադրման համար զննման նպատակով կանգառի պահանջին։ Ռուսական ռազմանավը բեռնանավը հարկադրաբար կանգնեցնելու համար ավտոմատ հրաձգային զենքից նախազգուշական կրակ է արձակել»,- հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստուգումից հետո թուրքական նավը շարժվել է ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ, որտեղից արտահանվում է ուկրաինական գյուղմթերքը։
Չեզոք ջրերում տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի իշխանությունները Մոսկվայից պահանջել են չսրել լարվածությունը Սև ծովում։
Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ միջադեպը վկայում է Սև ծովում լարվածության աճի մասին, որը կարող է հանգեցնել այն երկրների ներգրավմանը, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին:
Դեռևս հուլիսին Ռուսաստանը նախազգուշացրել էր, որ կարող է երրորդ երկրների բեռնատար նավերին վերաբերվել որպես պատերազմի մասնակից կողմ: