Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին ներկա կլինի նաև Վրաստանը, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
«Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում»,- նշել է Աբդոլլահիանը:
ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպումը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Իրանը ակտիվ է տարածաշրջանում և ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի զարգացումներին։
«Այս հանդիպմանն ընդգծվել է աշխարհաքաղաքականությունը չփոխելու հարցը։ Բաքվում Ալիևի հետ իմ հանդիպմանը նրանք հայտարարեցին, որ չեն ձգտում փոխել սահմանները, իսկ այժմ էլ Իրանի կողմից միջանցք է սահմանվել»,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կարևոր էր այդ խնդիրը տարածաշրջանի երկրների հետ քննարկելու տեսանկյունից:
Նա հերթական անգամ խստորեն դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները, մեղադրել ԱՄՆ-ին՝ Իսրայելին աջակցելու և հակամարտությունը սրելու համար։