Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը:
Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: «Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Ռայիսին և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները խոր և անքակտելի կապերի վրա են հիմնված:
Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է:
«Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- ասել է Ալիևը:
Նախագահները քննարկել են տարանցման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է: