Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել  երկրին օգնության մասին փաստաթուղթը



Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Իմանգալի Տասմագամբետովի խոսքով՝ թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են որոշմանը, հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել փաստաթղթի նկատմամբ և աշխատանքի վերջնական փուլում խնդրել է հանել օրակարգից:
Բելառուսի նախագահը հայտարարել է՝ ակնկալում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը կնպաստի պաշտպանության և անվտանգության հարցերում հավաքական ջանքերի ամրապնդմանը: Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը, շեշտել՝ պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը։

Հիշեցնենք, որ Հայաստանը բազմիցս դժգոհություն է  հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համարժեք չի արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման դեպքերին: Կառույցը մինչև օրս Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ անգամ քաղաքական հայտարարություն չի արել։