«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին:
Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը:
«Նույնքան կարևոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաև շատ կարևոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաև ավելի լայն մասշտաբով»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Կլաարի կարծիքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ «Սա ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը»,- հավելել է Կլաարը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գրանադա չգնալու որոշմանը, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Միությունը հիասթափված է այդ որոշումից:
«Մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարևոր հնարավորություն ու բավականին կարևոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Մեզ համար, սակայն, առաջնային շահը Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, որ հարթակում, մեզ համար շատ ավելի քիչ կարևոր է, քան այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա հարաբերությունների իրական կարգավորում»,-ասել է Կլաարը և հավելել.
«Մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչո՛ւ չենք կարող առաջ շարժվել, ինչո՛ւ Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»: