Տեխասը նախատեսում է վերականգնել փշալարերով արգելապատնեշը Մեքսիկայի հետ պետական սահմանի ամբողջ երկայնքով

Տեխասը նախատեսում է վերականգնել փշալարերով արգելապատնեշը Մեքսիկայի հետ պետական սահմանի ամբողջ երկայնքով



Տեխասի իշխանությունները մտադիր են վերականգնել փշալարերով արգելապատնեշը Մեքսիկայի հետ պետական ​​սահմանի ամբողջ երկայնքով՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար։ Այդ մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ ամեն օր առնվազն 3 հազար միգրանտ էր անցնում Տեխասի սահմանը, սակայն այժմ, երբ նահանգային իշխանությունները սկսեցին պատնեշներ կառուցել, այդ թիվը հասել է զրոյի։ Միայն անցած դեկտեմբերին սահմանապահներն արձանագրել են 302 հազար ապօրինի սահմանահատում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Հունվարի 22-ին Fox News-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել Մեքսիկայի հետ Տեխասի սահմանից հեռացնել մոտ 48 կմ երկարությամբ մետաղալարերի պատնեշը, որը տեղադրված է ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու համար: Դատարանի որոշումը սահմանապահ ծառայությանը թույլ է տալիս այն հեռացնել մինչև դատավարության ավարտը:
Տեխասի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է ապօրինի ներգաղթյալների թվի աճին։ Նրանք զգուշացրել են, որ դաշնային իշխանության հետ առճակատում չեն ուզում, բայց եթե Բայդենի վարչակազմը փորձի հեռացնել փշալարերը, լուրջ դիմադրության կհանդիպեն: