Ալիևը Փարիզին մեղադրել է «հակաադրբեջանական քաղաքականության» համար

Ալիևը Փարիզին մեղադրել է «հակաադրբեջանական քաղաքականության» համար

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան «տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով «կրակի վրա յուղ լցնելու» սկզբունքով, զինում է Հայաստանին, նախաձեռնում աշխարհաքաղաքական ինտրիգներ»:
Նա Փարիզին մեղադրել է տարածաշրջանում իրավիճակի սրման, միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական հարթակներում «հակաադրբեջանական քաղաքականության» համար: Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ձեռք բերել ու ամրապնդել ազդեցությունը:
Ալիևն անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ից Բաքվին վտարելուն, նշել, թե դա փոքրաթիվ խմբի նախաձեռնություն է և կապված է ադրբեջանական պատվիրակության՝ լիազորությունների վավերացումից հրաժարվելու հետ:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե դա հակասում է խորհրդարանական հարթակի ավանդույթներին: Ալիևը սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է վերանայել մասնակցությունը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին