Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի որոշմամբ՝ կուսակցական կառույցների օգնությամբ կստեղծվի երկրում իրավիճակի ապակայունացում հրահրող ծայրահեղական անձանց տվյալների բազա։
«Այս տվյալների բազան կտեղադրվի համացանցի հատուկ էջում և հասանելի ու թափանցիկ կլինի Վրաստանի քաղաքացիների համար: Օրենքի և Սահմանադրության շրջանակներում այդ անձանց նկատմամբ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի իրավախախտումները ստանան պետության և հանրային արձագանք»,- ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նա հավելել է, որ խորհրդարանի կողմից քննարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մեծ ներդրում կունենա Վրաստանում հանգստության ապահովման և ապաբևեռացման գործընթացում։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ անբավարար համարելով այն արգելափակելու ընդդիմադիր պատգամավորների փաստարկները։ Օրինագծի վերջնական՝ երրորդ ընթերցումը տեղի կունենա մայիսի 13-ին։ Ապրիլից սկսած՝ Թբիլիսիում ամեն երեկո բողոքի ակցիաներ են անցկացվում այդ օրինագծի դեմ։ Ցուցարարները հայտարարում են, որ թույլ չեն տա երկրի եվրոպամետ կուրսի փոփոխություն։
Վրաստանի կառավարությունը պնդում է, որ բողոքի ակցիաները ֆինանսական աջակցություն են ստանում օտարերկրյա հիմնադրամներից։