Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը

Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը


Այսօր Իրանի Թավրիզ, ապա Ղոմ քաղաքներում տեղի է ունեցել ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությունը։ Արարողությունը կշարունակվի նաև վաղը՝ Թեհրանում: Իսկ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և վթարված ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ։
«Քանի որ Իրանն ընտրելու է նոր նախագահ, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին՝ հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը։
Ողբերգական միջադեպի կապակցությամբ սուգ է հայտարարվել Իրաքում, Լիբանանում, Պակիստանում, Սիրիայում, Հնդկաստանում, Տաջիկստանում և Թուրքիայում։
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։