Ախալցխայում մեկնարկում է քաղաքի հանրային տարածքների զարգացման կարևոր նախագիծը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը սկսում է Ախալցխայի լճի հարակից տարածքի և այն Կենտրոնական այգուն կապող բուլվարի վերականգնման ու բարեկարգման նախագծումը։
Նախագծի նպատակն է լճի շրջակայքը վերածել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու, որը հարմարավետ պայմաններ կապահովի ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար՝ հանգստի, սպորտի և ժամանցի կազմակերպման նպատակով։
Նախատեսվում է ստեղծել հետիոտնային, վազքի և հեծանվային արահետների զարգացած ցանց, կառուցել մանկական խաղահրապարակներ և սպորտային տարածքներ, ինչպես նաև ձևավորել հանգստի և ժամանցի նոր գոտիներ։
Ծրագրի շրջանակում կտեղադրվեն պերգոլաներ և տաղավարներ, կկառուցվեն նավակների կայանատեղիներ, կստեղծվեն փոքր առևտրային և սպասարկման օբյեկտներ։ Տարածքում նախատեսվում է նաև կառուցել գետին նայող դիտահարթակ (բելվեդեր), որը կդառնա նոր զբոսաշրջային գրավչություն։
Նախագծի իրականացումը միտված է Ախալցխայի հանրային տարածքների արդիականացմանը և քաղաքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
