«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

Այս տարի «Ախալցխա 2026» քաղաքային տոնը նշվեց բացառիկ շուքով և լայնամասշտաբ ծրագրով՝ համախմբելով հազարավոր բնակիչների և հյուրերի։ Ախալցխայի պատմական ամրոցը վերածվել էր մշակութային ու պատմական յուրօրինակ հարթակի, որտեղ կենդանացել էին միջնադարյան Վրաստանի ավանդույթներն ու արժեքները։

Տոնական ծրագրի շրջանակում այցելուները հնարավորություն ունեցան տեղափոխվելու 12-րդ դար՝ ականատես լինելով Խրիդոլիի ռազմիկների ցուցադրական ելույթներին, հին քաղաքային շուկայի վերարտադրությանը, ավանդական վրացական մրցույթներին, ասպետական մենամարտերին և պատմական պարերին։ Ամրոցում ներկայացվել էր նաև վրացական երգեցողության անկյուն, իսկ գլխավոր հրապարակում կազմակերպվել էր տպավորիչ թատերական ներկայացում։

Տոնի կապակցությամբ Ախալցխայի բնակիչներին և հյուրերին շնորհավորել են Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորը և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին՝ ընդգծելով քաղաքի պատմամշակութային նշանակությունն ու նրա զարգացման հեռանկարները։

Միջոցառման ընթացքում պատվավոր քաղաքացիների կոչումներ են շնորհվել այն անձանց, որոնք տարիներ շարունակ իրենց մասնագիտական գործունեությամբ և հասարակական ծառայությամբ նպաստել են քաղաքի և տարածաշրջանի զարգացմանը։

Պատվավոր քաղաքացիների շարքում են՝ ռադիոլոգ Դալի Քոզաշվիլին, Սամցխե-Ջավախքի նախկին պետական լիազոր ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին, մարզիկ և բարերար Կախա Կախաձեն, վարակաբան Անահիտ Լոքյանը և շախմատի անվանի մարզիչ, Սամցխե-Ջավախքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Զաքարիա Դիդիմամիշվիլին։

«Ախալցիխելոբայի» տոնական միջոցառումն առանձնահատուկ գունեղությամբ վարել են Գիորգի Կալանդիան, Նանա Շոնիան և Կախա Միկիաշվիլին՝ ստեղծելով ջերմ և անմոռանալի մթնոլորտ։

Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ անցկացվեց քրիստոնեական երաժշտության փառատոնը, որը, ըստ կազմակերպիչների, կդառնա ավանդական և առաջիկա տարիներին կընդլայնի իր մասշտաբները՝ դառնալով տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։

Քաղաքային տոնակատարությանը մասնակցել են նախարարների կաբինետի, Վրաստանի խորհրդարանի, պետական կառույցների, նահանգապետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հրավիրված հյուրեր՝ վկայելով «Ախալցխա 2026»-ի կարևոր դերն ու նշանակությունը երկրի մշակութային կյանքում