Ախալցխա է այցելել վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին։
Ախալցխայի բերդում նրան հյուրընկալել են մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։
Միջոցառման շրջանակում շախմատով հետաքրքրվող աշակերտներն ու երիտասարդները հնարավորություն են ունեցել անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ և մասնակցելու վարպետության դասին։
Նոնա Գափրինդաշվիլին երիտասարդների հետ խոսել է շախմատային կյանքի և մարզական ուղու մասին, պատասխանել նրանց հարցերին, խորհուրդներ տվել և հաջողություններ մաղթել։ Այնուհետև նա աշակերտների հետ ընկերական պարտիա է անցկացրել, որի առաջին քայլը խորհրդանշական կերպով կատարել է քաղաքապետ Վարլամ Ցիկլաուրին։
Միջոցառման ընթացքում Նոնա Գափրինդաշվիլին պարգևատրել է նաև «Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի» շախմատի մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած ախալցխացի պատանի շախմատիստներին՝ Ցոտնե Մուրջիկնելիին, Դեմետրե Մեսխիձեին, Դեմետրե Քութաթելաձեին և Ակակի Թամարաձեին։
Պատվավոր հյուրի համար տեղի համույթները հանդես են եկել պարային կատարումներով։ Կազմակերպվել է նաև լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Նոնա Գափրինդաշվիլիի շախմատային կյանքի, մարզական ուղու և հաղթանակների կարևոր դրվագները։
Միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին և Գիորգի Մելիքիձեն, պետական ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Դավիթ Տաբաթաձեն, պետական ներկայացուցչի վարչակազմի, տեղական ինքնակառավարման և քաղաքի հասարակության ներկայացուցիչներ։
