Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ԵՄ ընդլայնման նոր կանոններ

Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ԵՄ ընդլայնման նոր կանոններ


Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամության թեկնածու երկրներին ավելի շատ առավելություններ տրամադրել նրանց աստիճանական ինտեգրման շրջանակում, ինչպես նաև ներդնել պաշտպանության նոր մեխանիզմներ, որոնք կսահմանափակեն նրանց իրավունքները, եթե այդ պետությունները ԵՄ-ին անդամակցելուց հետո դադարեցնեն բարեփոխումները կամ հետ կանգնեն իրենց պարտավորություններից: Համապատասխան փոփոխությունների փաթեթի նախապատրաստման մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

ԵՄ-ն «ավելի ճկուն և արդյունավետ» դարձնելու համար հանձնաժողովն առաջարկում է ԵՄ պայմանագրերում կիրառել այսպես կոչված անցումային դրույթներ և միաձայնության սկզբունքը փոխարինել որակյալ մեծամասնության քվեարկությամբ:

Նախագիծը ներառում է նոր ընթացակարգ, որը թույլ կտա կրճատել նոր անդամ պետությունների՝ ԵՄ բյուջետային ֆինանսավորումը և նույնիսկ զրկել քվեարկության իրավունքից, եթե նրանք գործեն օրենքի գերակայության, Միության արժեքների և բարեխիղճ համագործակցության սկզբունքին հակառակ:

Եվրահանձնաժողովը որպես ամենացայտուն օրինակ է բերել Հունգարիայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Բուդապեշտը համաձայնել էր Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, բայց հետո արգելափակել էր գործընթացը։

ԵՄ գործադիր մարմինը նաև պարտավորեցնելու է նոր անդամներին ընդլայնման հարցերում ձեռնպահ մնալ իրենց վետոյի իրավունքը կիրառելուց՝ կապված երկկողմ վեճերի հետ։ Այս հարցում օրինակ է բերվում Բուլղարիան, որը շարունակում է արգելափակել Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցությունները՝ չլուծված երկկողմ խնդիրների պատճառով. Սոֆիան պահանջում է սահմանադրական փոփոխություններ:

Բրյուսելը նաև մտադիր է անդամակցությունից առաջ, թեկնածուների հետ ստուգել նորմերի կատարումն ապահովելու նրանց ունակությունն առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են սահմանների պաշտպանությունը, միասնական շուկայական միջավայրի վերահսկողությունը, սննդամթերքի անվտանգության ստանդարտները, տրանսպորտային ենթակառուցվածքները և համախմբվածության քաղաքականության միջոցների օգտագործումը: Կհամաձայնեցվեն անհատական ​​անցումային ռեժիմները, մասնավորապես՝ գյուղատնտեսության և աշխատուժի շարժունակության ոլորտներում։