Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունները, որոնք ընդգծեցին նախագծի կարևոր նշանակությունը տարածաշրջանային համագործակցության և միջազգային բեռնափոխադրումների զարգացման համար։
Բացման արարողության ընթացքում նշվեց, որ երկաթուղին լիարժեք շահագործման անցնելով՝ կմեծացնի Եվրոպան և Ասիան կապող Միջին միջանցքի արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստի առևտրի ծավալների աճին և տարանցիկ փոխադրումների արագացմանը։
Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղին միացնում է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան՝ ստեղծելով կարևոր տրանսպորտային կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Ախալքալաքը նախագծում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այստեղ է իրականացվում տարբեր երկաթուղային չափորոշիչներով գծերի միացումը։Այն վերածվում է կարևոր տրանսպորտային հանգույցի, որը կարող է կապել Հարավային Կովկասը Եվրոպայի և Ասիայի շուկաների հետ։
Մասնակից երկրների ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ նոր հնարավորություններով գործարկվող երկաթուղին կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և նոր բեռնափոխադրումների ներգրավմանը։
