Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի մեծահասակների առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկվել են առաջնության նախապատրաստական աշխատանքները՝ ենթակառուցվածքների պատրաստության, մարզական գույքի և տեխնիկական միջոցների ապահովման, բժշկական սպասարկման, լուսաբանման և կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման ընթացքին. կարևորվել է մարզադպրոցի՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորումն ու անհրաժեշտ մարզական գույքով և սարքավորումներով ապահովումը։

Քննարկվել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող աշխատանքները։

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ներգրավված կառույցների գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը։

Նիստում անդրադարձ է կատարվել նոյեմբերի 18-21-ը Երևանում կայանալիք Եվրոպական մարմնամարզության ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի նիստի կազմակերպմանը։ Տեխնիկական հանձնաժողովի այցի շրջանակում կարևորվել է Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքի ներկայացումը։

Նախնական տվյալներով՝ Եվրոպայի առաջնությանը սպասվում է շուրջ 35 երկրի 600-700 մասնակից՝ տղամարդկանց և կանանց մրցապայքարում։

Պատասխանատու կառույցներին հանձնարավել է սեղմ ժամկետներում հստակեցնել կազմակերպական բոլոր հարցերը, և աշխատանքները շարունակել համաձայնեցված ժամանակացույցով։