Սեուլը կրկին օգնություն է առաջարկել Փհենյանին ապամիջուկայնացման դիմաց

Սեուլը կրկին օգնություն է առաջարկել Փհենյանին ապամիջուկայնացման դիմաց



Սեուլը պատրաստակամություն է հայտնել օգնել Փհենյանին զարգացնելու տնտեսությունը, էներգետիկան և առևտուրը, գրում է Euronews-ը: Ծրագիրը նախատեսում է նաև աջակցություն նավահանգիստներում, օդանավակայաններում և հիվանդանոցներում ենթակառուցվածքների արդիականացման հարցում և սննդի ծրագրի իրականացում: Այս բոլորն առաջարկվում է ապամիջուկայնացման դիմաց։ Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ասել է ճապոնական գաղութատիրությունից Կորեայի ազատագրման 77-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթի ժամանակ։
«Այս համարձակ նախաձեռնությունը մեծապես կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը և նրա ժողովրդի կենսամակարդակը փուլ առ փուլ, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը և ապամիջուկայնացման իրական գործընթաց սկսի»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Վերլուծաբանները, սակայն, ենթադրում են, որ Փհենյանը դժվար ընդունի նման գործարքը, որը, ըստ նրանց, էապես չի տարբերվում Հարավային Կորեայի նախորդ նախաձեռնություններից, որոնք Փհենյանը մերժել էր: Հուլիսի վերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ իր երկիրը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած բախման։ Բացի այդ, նա զգուշացրել էր, որ Հարավային Կորեայի բանակը «կոչնչացվի», եթե փորձի հարձակվել ԿԺԴՀ-ի վրա: