Վերջին տարիներին երիտասարդների առօրյան ավելի ակտիվ դարձնելու, հետագայում շրջանում լավ մարզիկներ ու չեմպիոններ ունենալու և սպորտի զարգացման նպաստելու նպատակով Նինոծմինդայում կառուցվում են սպորտդպրոցներ, մարզադաշտեր և մարզասրահներ։
Նոր մարզական օբյեկտների կառուցումը նպաստում է շրջանում սպորտային կյանքի ակտիվացմանը, այդ նպատակով էլ մարզադահլիճների կառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև շրջանի այն գյուղերում, որտեղ սպորտային կյանքն համեմատաբար ավելի պասիվ է։
Այս տարի Նինոծմինդայի շրջանում մինի-մարզադաշտերի կառուցման համար մունիցիպալիտետի տեղական բյուջեից գումար է հատկացվել ։ Հատկացված գումարով կառուցվում են յոթ մարզադաշտեր, որոնցից չորսը նոր են, իսկ մնացածը՝ անցյալ տարվա կիսատ թողնված շինարարական աշխատանքների շարունակություններն են։ Աշխատանքներ են տարվել Նինոծմինդա քաղաքում ու Գարելովկա, Տամբովկա,Ռադիոնովկա, Սաթխա և Փոկա գյուղերում։
«Սույն թվականին Նինոծմինդայի շրջանում մինի-մարզադաշտերի շինարարական աշխատանքների համար նախատեսված էր 190․900 լարի։ Գումարը տրամադրվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Տենդերը 142204 լարիով շահել էր և շինարարական աշխատանքներն իրականացնում էր անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը։ Աշխատանքներն արդեն հասցվում են ավարտին և մնացել է մի քանի օրվա աշխատանք» ,- ասաց շինարարական և ենթակառուցվածքների ծառայության պետ Ռուբեն Ղազարյանը։
Akhaltskha.Net