Այսօր՝ հոկտեմբերի 19-ին «Վահրամ Գայֆեճյան»-ի անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը Ախալցխայի հասարակության հետ միասին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանի խորհրդական Արտակ Գրաբսկին, դեսպանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալցխայի հոգեւոր Տեսուչ Հակոբ Աբեղա Սահակյանը եւ քահանա Թորգոմ Վարդանյանը, Սամցխե- Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը, ինչպես նաեւ թեմին կից գործող մշակութային միության մի շարք ներկայացուցիչներ։
Միջոցառման մեկնարկը տրվեց Ախալցխայի հայկական դպրոցից, որտեղ ՀՀ դեսպանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդը ներկաների հետ մեկտեղ ծաղիկներ խոնարհեցին Շառլ Ազնավուրի պատվին կանգնեցված աղբյուրի առջեւ (հեղինակ՝ Ալեքսանդր Իգիթխանյան)։ Դեսպանին եւ սրբազանին դիմավորելու համար դպրոցի մուտքի մոտ էին հավաքվել ընդամենը մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ։
Միջոցառման շարունակությունը արդեն տեղի ունեցավ «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում։ Ելույթներով հանդես եկան միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, հայկական դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթեւոսյանը, Ծղալթբիլայի դպրոցի տնօրեն Սվետլանա Նահապետյանը եւ շատ ուրիշներ։ Բոլորի շուրթերին միայն Ազնավուրն էր եւ նրա հետ կապված բարի հիշողությունները։
Շառլա Ազնավուրի հիշատակին բանաստեղծություններ կարդացին Ծղալթբիլայի դպրոցի աշակերտները, քաղաքի հայկական դպրոցի աշակերտ Կարապետ Սամվելյանը եւ դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթեւոսյանը։
Միջոցառման ավարտին հյուրերը դիտեցին այն պատմական կադրերը, որոնցում նկարահանված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 2005թ․ այցը Ախալցխա։