ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի պայմանավորվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ պետական պարտքի շեմի բարձրացման հարցում և կանխել դեֆոլտը:
Նա տեղեկացրել է Կոնգրեսի ղեկավարության հետ իր բանակցությունների մասին, նշել, որ դրանք արդյունավետ էին: Նախագահի գնահատմամբ՝ այն իրավիճակը, երբ երկիրը չի կարողանում վճարել իր պարտքերը, աղետալի է ինչպես տնտեսության, այնպես էլ ժողովրդի համար:
Բայդենը նաև հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն չի նշել հնարավոր բանակցությունների ժամկետները:
Սպիտակ տան ղեկավարը դեռ փետրվարին հայտնել էր Չինաստանի ղեկավարի հետ բանակցելու մտադրության մասին: Ավելի ուշ նա նշել էր, որ Պեկինի հետ հնարավոր շփումների շուրջ քննարկումը շարունակվում է: Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ-ում դիտարկում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի հնարավորությունը: