Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Գոհունակությամբ նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և երկրները ձեռնամուխ կլինեն նաև սահմանի սահմանազատմանը: