ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն հունիսի 7-9-ը Սոչիում

ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն հունիսի 7-9-ը Սոչիում



Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կկայանա հունիսի 7-9-ը՝ Սոչիում։
«Վարչապետներին տեղեկատվություն կտրամադրվի օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման, Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների արդյունքների, ԵԱՏՄ-ում ալկոհոլային խմիչքների շուկայի կարգավորման համաձայնագրի շուրջ աշխատանքի ընթացքի մասին»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման ընթացքի մասին տեղեկատվությունը, ԵԱՏՄ պետությունների տարածքներում Արևելք — Արևմուտք և Հյուսիս-hարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման մասին զեկույցը, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ համատեղ, տարեկան զեկույց անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները զսպելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և այլ թեմաների վերաբերյալ»,- հավելել է ԵԱՏՀ պաշտոնյան։