Բելգորոդում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը. Գլադկով

Բելգորոդում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը. Գլադկով



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և իրավապահ մարմինները շարունակում են մաքրել Բելգորոդի Գրայվորոնսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբից՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա շրջանի բնակիչներին հորդորել է դեռևս չվերադառնալ իրենց տներ: Գլադկովի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: «Այժմ սպասում ենք հակաահաբեկչական գործողության ավարտին, որի մասին հայտարարվել էր երեկ»,- հավելել է պաշտոնյան։
Լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ վաղ առավոտյան Բելգորոդում պայթյուններ են լսվել: Երեկ Գլադկովը հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը ներխուժել են Ռուսաստանի տարածք, Բելգորոդը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության:

Պաշտոնական Կիևը հերքել է երկրի զինված ուժերին ներկայացվող մեղադրանքները: Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունից հայտարարել են, որ Բելգորոդում գործում են «Ազատ Ռուսաստան» և «Ռուսական կամավորական կորպուսի» զինյալները, որոնք ՌԴ քաղաքացիներ են և փորձում են անվտանգության գոտի ստեղծել սահմանամերձ ուկրաինական բնակչության համար։