Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս հարձակումներ իրականացնել. Միլլեր

Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս հարձակումներ իրականացնել. Միլլեր



ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Բելգորոդի զարգացումներին և Ռուսաստանի տարածքի դեմ ամերիկյան զենքերի հնարավոր կիրառմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի՝ ռազմական ինչ գործողություններ անցկացնել Ռուսաստանի դեմ։
«Վաշինգտոնը Կիևին չի արգելում կամ խրախուսում ուկրաինական տարածքից դուրս հարձակումներ իրականացնել: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը»,- հավելել է պաշտոնյան:
Միլլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մտադիր է առաջիկա ամիսներին F-16 կործանիչներ տրամադրել Կիևին և ուկրաինացի զինվորականների համար վերապատրաստումներ անցկացնել, որ վերջիններս կարողանան օգտվել այդ կործանիչներից: Մատակարարման հստակ ժամկետներ պաշտոնյան չի նշել:
Միլլերն անդրադարձել է նաև Ուկրաինայի տարածքներում մարտական իրավիճակին: Նա նշել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը փորձում է Մալիի տարածքով երրորդ երկրներից ռազմատեխնիկա ձեռք բերել՝ ուկրաինական ուժերի դեմ օգտագործելու նպատակով: Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Բախմուտում մարտերի ընթացքում տուժել է շուրջ 100 000 ռուս զինծառայող, այդ թվում՝ «Վագների» խմբից:

Միլլերը խոսել է նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին, հերթական անգամ զգուշացրել՝ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Թբիլիսիի դեմ: «Այժմ Ռուսաստանի հետ գործակցությունը զարգացնելու ժամանակը չէ»,- շեշտել է պաշտոնյան։