Ղարիբաշվիլին և Ջաբբարովը քննարկել են Բաքվի և Թբիլիսիի տնտեսական նախագծերը

Ղարիբաշվիլին և Ջաբբարովը քննարկել են Բաքվի և Թբիլիսիի տնտեսական նախագծերը

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովն ուրբաթ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր։
«Կողմերը դիտարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները: Նշվել է քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման կարևորությունը»,- հաղորդում է Վրաստանի կառավարությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Ադրբեջանը և Վրաստանը հաջողությամբ իրականացնում են համաշխարհային և տարածաշրջանային նշանակության տարբեր տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային նախագծեր, և պատրաստակամություն են հայտնել ապագայում ավելի սերտ համագործակցության՝ երկու երկրի միջև առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար։
Բացի այդ, կողմերը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։
«Ղարիբաշվիլին Ադրբեջանի պատվիրակությանը հրավիրել է այս տարվա աշնանը Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» ֆորումին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։