Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի 08.06.2023 . Միջազգային

Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի
		08.06.2023 . Միջազգային


Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ զարգացումներին BILD գերմանական պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին: Ամբարտակի ոչնչացման համար Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուսական կողմին: «Մեկ տարի առաջ մենք զգուշացրել էինք, որ նրանք ամբարտակն ականապատելու են: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ուղղությամբ հակահարձակում կսկսենք, և ցանկանում են խանգարել ուկրաինական կողմին՝ ազատագրել սեփական տարածքները»,- հավելել է նա:

Լրագրողի հարցին՝ մեկնարկե՞լ է արդյոք ուկրաինական հակահարձակումը՝ նախագահը պատասխանել է. «Մեր զորքերի տեղաշարժի մեկնարկի ժամանակացույցն արդեն հաստատվել է: Երբ սկսվի, նրանք կտեսնեն ու կզգան»:

Զելենսկին հավելել է, որ Կիևը չի կարող ապացույցներ հավաքել պայթյունին ռուսական ուժերի ներգրավվածության մասին, քանի որ ՀԷԿ-ը Ռուսաստանի վերահսկողության տակ է: Նա կոչ է արել միջազգային փորձագետներ ուղարկել Խերսոնի շրջան՝ պարզելու աղետի հանգամանքները:

«ՄԱԿ-ը և Կարմիր խաչը դեռ այնտեղ չեն: Իսկ այդ կառույցները ստեղծվել են մարդկանց օգնելու համար: Խորապես ցնցված և հիասթափված եմ, որ նրանցից արձագանք չենք ստացել: Իսկ եթե արձագանքել էլ են, ապա շատ դիվանագիտական ձևակերպումներով»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է՝ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պատերազմել և հետ չի քաշում զորքերը, Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։