Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին 09.06.2023 . Արցախ

Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին
		09.06.2023 . Արցախ


Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի տարածքից արցախցի մանուկներն իրենց բողոքն են արտահայտել միջազգային հանրությանը: Գրեթե կես տարի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը: Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են Յունիսեֆին:

Կարեն Վերդյան (դպրոցական) — Ես զբաղվում եմ բասկետբոլով և շրջափակման պատճառով չեմ կարողանում գնալ Երևան մրցումների:

Մարիա Առաքելյան (դպրոցական) — Ես սիրում եմ իմ հայրենիքը և չեմ պատկերացնում իմ կյանքը` առանց Արցախի: Ուզում եմ, որ ոչ մի երեխա պատերազմ չտեսնի, և աշխարհը պաշտպանի մեր իրավունքները:

2022-ի դեկտեմբերից ի վեր անտեսված են Արցախի 30 հազար երեխայի կրթության, պատճաշ կենսամակարդակի, առողջության պահպանման և բազմաթիվ այլ իրավունքներ, ահազանգում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ կոչ անելով միջազգային հանրությունը անհապաղ քայլեր ձեռնարկել:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) — 30 հազար երեխաներ, որոնք պետք է անհոգ մանկություն ապրեին, հիմա իրենց ընտանիքների հետ ամեն օր անցնում են անորոշությունների, դժվարությունների, տարբեր զրկանքների միջով: Ես ակնկալում եմ, որ միջազգային հանրության կողմից ի վերջո վերջ կդրվի անտարբերությանը:

Շրջափակման հետևանքներն առավել ծանր են առողջապահության, մասնավորապես` վերականգնողական բժշկության ոլորտում: Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ղեկավարն ասում է՝շատ երեխաներ չեն կարողանում պատշաճ բուժում ստանալ:

Գոհար Խաչատրյան (Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) — Խնդիր ունենք վերականգնողական կարևորագույն ծառայություններից ջրաբուժության հետ, որի գործունեությունը շուրջ 6 ամիս դադարեցվել էր գազամատակարարման ընդհատման պատճառով:

Հոգ տանել երեխաների մասին, նրանցից սովորել չհուսահատվել, Արցախի թեմի սպասավոր Ներսես քահանա Ասրյանի խորհուրդն է ակցիայի մասնակիցներին:

Ներսես քահանա Ասրյան (ՀԱԵ Արցախի թեմի սպասավոր) — Մեր երեխաներից այս կարևոր դասը կարող ենք յուրացնել՝ երբեք չհանձնվել, երբեք չդադարեցնել մեր ջանքերը հոգեպես, բարոյապես և, ինչու չէ, նաև ֆիզիկապես՝ լայն իմաստով ոտքի կանգնելու կրկին և մեր քայլերն անելու դեպի մեր ապագան:

Արցախցի երեխաներին անակնկալ էր պատրաստել «Արարիչ» բարեգործական հիմնադրամը: Ակցիայի ավարտին երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: