Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ 23.06.2023 . Տարածաշրջան

Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ
		23.06.2023 . Տարածաշրջան


Ստոկհոլմում ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդի ժամանակ Եվրահանձնաժողովը (ԵՀ) միջանկյալ «բանավոր զեկույց» է ներկայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված չափանիշների կատարման վիճակի մասին, գրում է Interfax-ը:

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհեյին լրագրողներին ասել է, որ բոլոր երեք երկրները մեկ տարի առաջ Եվրոպական խորհրդից ստացել են ԵՄ երաշխիքներ իրենց եվրոպական հեռանկարի վերաբերյալ: Ուկրաինան և Մոլդովան ստացել են ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանը դա կստանա մի շարք պայմաններ կատարելուց հետո։

ԵՀ անդամը բացատրել է, որ Եվրամիության սահմանած չափանիշների կատարման ուղղությամբ գոյություն ունի թեկնածու երկրների ջանքերը գնահատելու հինգ բալանոց սանդղակ՝ առաջընթացի բացակայությունից մինչև պայմանների ամբողջական կատարում:

Ուկրաինայի համար Եվրոպական խորհուրդը, հիմք ընդունելով Եվրահանձնաժողովի առաջարկը, առանձնացրել է յոթ առաջնահերթություն։ Ուկրաինան մինչ օրս կարողացել է կատարել դրանցից երկուսը։ Դրանք դատաիրավական բարեփոխումներն են և ԶԼՄ-ների օրենսդրությունը՝ ԵՄ պահանջներին համապատասխան:

Մյուս չափանիշների հարցում դեռ աշխատանք կա անելու, մասնավորապես, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են փոքրամասնությունների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, փողերի լվացումը և օլիգարխների ազդեցությունը:

Մոլդովային տրվել է ինը առաջնահերթություն, որից բավարարվել են երեքը։ Խոսքը քաղաքացիական հասարակության դերի, առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և նրանց հավասար իրավունքների երաշխավորման մասին է։

Վրաստանը կատարել է 12 պայմաններից երեքը, ասել է ԵՀ անդամը։ Դրանք են՝ կանանց և տղամարդկանց հավասարությունը և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը և անկախ հանրային պաշտպանի ընտրությունը։

«Ընդլայնման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է, որ բոլոր պայմանները կատարվեն ամենայն մանրամասնությամբ։ Բայց, տեսնելով, թե ինչպես են կատարելագործվում այդ երկրները, հավատում եմ, որ նպատակին կհասնենք»,- եզրափակել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը։