Մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ ծրագրեր ենք մշակում. Տիգրան Խաչատրյան

Մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ ծրագրեր ենք մշակում. Տիգրան Խաչատրյան



Մենք հումանիտար կենտրոնում վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ամենօրյա աշխատանք ենք տանում բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այդ մասին պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Առաջին որոշումները կայացված են. դրանք կարճաժամկետ նշանակություն ունեն, որոնցից մեկն արդեն Կառավարության որոշմամբ երեկ երեկոյան գրավոր քվեարկության ընթացակարգով պաշտոնապես հաստատվեց: Խոսքը 100-հազարական միանվագ դրամական աջակցության մասին է, որը անկախ տարիքից՝ պետք է տրամադրվի մեր բոլոր քույրերին և եղբայրներին: Մենք վաղը Կառավարության նիստում կկայացնենք համապատասխան դրամական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշումը»,- նշեց փոխվարչապետը:
Կառավարության հաջորդ որոշումը առաջին օրերի ընթացքում բոլոր հնարավոր եղանակներով կացարաններ հատկացնելուց հետո մեր հայրենակիցներին յուրաքանչյուր անձի հաշվով 40 հազար և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար տրամադրելու որոշումն է:
«Մենք այժմ աշխատում ենք միջնաժամկետ ծրագրերի վրա»,- նշեց Տիգրան Խաչատրյանը: Նա ասաց, որ բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին համապատասխան կարգով աջակցություն կտրամադրվի: «Շատ շուտով ԿԳՄՍՆ-ն հանդես կգա համապատասխան պարզաբանումներով»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ամենամեծ աջակցությունը, որ պետք է ցուցաբերվի մեր հայրենակիցներին, նրանց աշխատանքի տեղավորելն է: «Մենք այս ուղղությամբ ևս ծրագրեր ենք մշակում, և դրանք շուտով կհայտարարվեն և գործի կդրվեն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: