Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի 09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի
		09.10.2023 . Տարածաշրջան


Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի  հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 560-ի, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Վիրավորվել է 2900 պաղեստինցի:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով Իսրայելում զոհվածների թիվը հասել է 800-ի։ Այդ մասին հայտնում է իսրայելական The Times of Israel հրատարակությունը։

Թարմացված տվյալների համաձայն՝ ավելի քան 2200 մարդ վիրավորվել է, ևս 100-ից ավելին գտնվում է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն դրանից հետո որևէ հայտարարություն չի արվել՝ չնայած ՀԱՄԱՍ-ին դատապարտելու վերաբերյալ Իսրայելի կոչերին։