Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ թաղամասի «Կովերի պարտեզում» լարված իրավիճակ է:
Նշվում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հրեա վերաբնակիչների մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտել է «Կովերի պարտեզ», որից հետո քաղաքի հայ բնակիչները հավաքվել են այդտեղ և շրջափակել բարիկադավորված սահմանագիծը:
Դեպքի վայր են ժամանել նաև Իսրայելի ոստիկանության ուժերը և բանակի ստորաբաժանումները, որից հետո վերաբնակիչները ցրվել են, և տեղում մնացել են մի քանիսը:
Նշվել է, որ Իսրայելի ոստիկանությունը 3 հայ երուսաղեմցու է ձերբակալել, որոնցից մեկն անչափահաս է:
Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է «Կովերի պարտեզում» մնալ որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը, հաղորդագրության համաձայն, այդ հատվածը յուրացնելն է: Ի պատասխան՝ հայ բնակիչները կենդանի վահան են կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել «Կովերի պարտեզի» տարածքը:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված: