Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկանդալ է բարձրացել՝ երկրից վտարել են շվեյցարացի քաղաքական գործիչ, Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին։ Միջադեպի մասին տեղեկացվել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսին։
Գուգերը Ադրբեջան էր եկել որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ։ Նրա առաքելությունն էր տեղում վերահսկել գալիք նախագահական ընտրությունը և զեկուցել մարդու իրավունքների խախտումների մասին։ Նա մասնակցել է նմանատիպ առաքելությունների Ռուսաստանում և Մոլդովայում, նշում են շվեյցարական լրատվամիջոցները։
Բաքու վայրէջք կատարելուն պես ոստիկանները Գուգերին կանգնեցրել են դիվանագիտական մուտքի մոտ, առգրավել են անձնագիրը և արգելել մուտքը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին, այդ թվում՝ Շվեյցարիայի պատվիրակությանը, թույլ են տվել անցնել առանց խնդիրների: Ոստիկանությունը Բաքվի օդանավակայանում քաղաքական գործչին պահել է գրեթե երեք ժամ, թեյ հյուրասիրել, ապա նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռ։ Գուգերն անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում, այնտեղից էլ մեկնել է Ցյուրիխ:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ միջադեպը կարող է կապված լինել ԵԽ-ում նրա աշխատանքի հետ։ Անցյալ շաբաթ Բաքուն հայտարարել է, որ չի ընդունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդներին: Քանի որ Գուգերը, բացի ԵԱՀԿ-ից, նաև Եվրախորհրդի ընտրությունների դիտորդ է, ապա կարող էր հայտնվել սև ցուցակում։
Չի բացառվում, որ Գուգերն Ադրբեջանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն իր քաղաքական առնչության պատռճառով, նշում Blick լրատվամիջոցը։
Պարբերականը հիշեցրել է, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրել է ռազմական ագրեսիա, ինչից հետո այնտեղից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար հայ։
Գուգերը հրապարակավ բողոքել է հայերի նկատմամբ բռնությունների դեմ, ինչպես նաև իր քննադատությունն ուղարկել Ադրբեջանի դեսպանին։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին