Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շարունակում է հանդիպումները Բրյուսելում։ Կառավարության ղեկավարը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Իր հերթին Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ռոբերտա Մեցոլային աջակցության համար։
«Կողմերը ամփոփել են Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը, ինչպես նաև վերանայել են իրականացվող և ընթացիկ միջոցառումները՝ ապահովելու Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ Վարչապետը խոսել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորության մասին և նշել, որ իր ղեկավարությամբ Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի հասնելու ուղղությամբ։
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է Եվրախորհրդարանի դերը և նրա աջակցության կարևորությունը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։ Կողմերը գնահատել են Վրաստանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցության դինամիկան և պատրաստակամություն հայտնել ամրապնդել գործընկերությունը։
Հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն և Ռոբերտա Մեցոլան քննարկել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության մարտահրավերները և քննարկել դրանց լուծման ուղիները։ Շեշտը դրվել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի վրա։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի նախագահին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վարչապետը հուշագիր է թողել Եվրախորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում»,- ասված է տեղեկատվության մեջ։