Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթի գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արմեն Մղդեսյանն այցելել է գյուղ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի շրջանակում վերանորոգվում են ինչպես գյուղ տանող 4 կիլոմետրանոց մուտքի ճանապարհը, այնպես էլ գյուղի ներքին ճանապարհները։
Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի բարելավել բնակիչների տեղաշարժի պայմանները, բարձրացնել տրանսպորտային հասանելիությունը և ապահովել ավելի հարմարավետ երթևեկություն։
Նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի միջոցներով։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է 2,7 միլիոն լարի։
