Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանում մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների թոշակը հունվարի 1-ից կդառնա 415 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 415 լարի։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակը կավելանա 45 լարիով՝ ինդեքսավորման կանոններով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Նշված փոփոխությունը չի վերաբերում բարձրալեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուներին։

Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոփոխության արդյունքում պետական բյուջեից կենսաթոշակների համար նախատեսված ծախսերը կավելանան լրացուցիչ 128 միլիոն լարիով։

Վարչապետը նշել է, որ սոցիալական ծախսերը կազմում են պետական բյուջեի ավելի քան 33 տոկոսը։ Նրա խոսքով՝ 2026 թվականին տարիքային կենսաթոշակների համար հատկացվել է ավելի քան 5 միլիարդ լարի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգի համաֆինանսավորման համար՝ 540 միլիոն լարի։ Համեմատության համար՝ 2012 թվականին կենսաթոշակների համար հատկացված գումարը կազմել է 1 միլիարդ 65 միլիոն լարի։

Կոբախիձեի խոսքով՝ սոցիալական ծախսերի հետագա ավելացման հնարավորությունը սահմանափակված է բյուջետային կայունության պահանջներով։ Նա նշել է, որ սոցիալական ծախսերի չափազանց մեծ աճը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը, նպաստել գնաճին և բացասաբար անդրադառնալ միջազգային ֆինանսական կառույցների կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսավորման վրա։

Միաժամանակ վարչապետը հայտարարել է, որ առաջիկա տարիներին կառավարությունը հնարավորության սահմաններում կփորձի մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացնել նաև ինդեքսավորման կանոններով նախատեսված չափից ավելի։