«Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։
Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենքի հասանելիություն ստանալ և պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցի՝ ուժ կիրառել՝ Թեհրանին կանգնեցնելու համար: Նա մեծ սխալ էր որակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, միաժամանակ հանդես եկել Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու օգտին: