Ճեպազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում կվերսկսի գործել։ Նա հիշեցրել է Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման գործընթացի մասին։
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում Իրանն ու Ադրբեջանը պատվիրակությունների մի շարք փոխանակումներ են իրականացրել, որոնք սկսվել են երկու երկրի արտգործնախարարների հեռախոսազրույցների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունից և Բաքվում, առանց որևէ պաշտոնական պարտավորության կայացած անձնական հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո: Այս համաձայնագրի և երկու երկրի փոխադարձ քաղաքական վճռականության հիման վրա տեղի է ունեցել տարբեր պատվիրակությունների փոխանակում։ Բանակցային գործընթացը, որը ներառում է երկու երկրի բազմաթիվ հանդիպումներ, դրական դինամիկա է դրսևորել հատկապես անվտանգության, դատական համակարգի և տնտեսության ոլորտներում»,- ասել է Քանանին։
Նրա խոսքով՝ Իրանը հույս ունի, որ ձեռնարկված միջոցների հաջող ավարտից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսվի աշխատանքը։ Այդ գործընթացը դիտվում է որպես բարենպաստ և խոստումնալից:
Այս տարվա հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել էր դեսպանատան մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին։