Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանել «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի բարձր ներկայացուցիչների հետ ԱՄՆ երկկողմ հանդիպումների և շփումների հետաձգմանը և այն հայտարարությանը, թե մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող լինել նախկինի պես, հարկ է նշել, որ հարաբերությունները միակողմանի չեն լինում: Այսպիսով՝ նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի նաև Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում նպատակահարմար չենք համարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջան բարձր մակարդակի այցերի հնարավորությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ի մոտեցումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի միջնորդական դերի կորստին։
«Այս պայմաններում հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը»,- ընդգծել են նախարարությունից։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ը, որը տարածաշրջանի երկիր չէ, իր քայլերով ու հայտարարություններով հարված է հասցնում տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերին։ «Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չկատարումը թույլ է տվել Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով, և, այդ թվում, Իրանի միջոցով ճանապարհի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է «3+2» ձևաչափի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության համար»,- հավելել են նախարարությունում: