ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև

Դիմակները պատռված են, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում՝ այդպես է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի շարունակական աջակցությանը Հայաստանին:
Հաջիևը մեղադրել է Միացյալ Նահանգներին 30 տարվա ընթացքում Հայաստանի կողքին կանգնելու և Ադրբեջանին չաջակցելու համար:
«Երբ Փաուերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն էր, երբեք չի համարձակվել բարձրացնել ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների հարցը»,- հայտարարել է Հաջիևը: Նա մեղադրել է Սամանտա Փաուերին ադրբեջանատյացության, թրքատյացության, քաղաքական կոռուպցիայի և շահարկումների համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էլ անհիմն է  որակել Փաուերի խոսքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը ստիպված են եղել լքել հայրենիքը և մեծ փորձությունների միջով են անցել՝ մինչև Հայաստան հասնելը: Նա պնդել է՝ ԼՂ հայ բնակիչների միգրացիան բռնի վերաբնակեցում անվանելն անարդար է։