Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Խանդո գյուղում կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։
Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական ենթակառուցվածքները և ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ու երիտասարդների ֆիզիկական ակտիվության և սպորտային զբաղվածության համար։
Նախագծի շրջանակում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադահլիճ՝ անհրաժեշտ օժանդակ տարածքներով։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ներառականությանը․ շենքն ամբողջությամբ հարմարեցվելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին՝ ապահովելով նրանց համար լիարժեք հասանելի միջավայր։
Նշվել է, որ մարզադահլիճի կառուցումը պլանավորվել և իրականացվում է՝ հաշվի առնելով բնակչության, հատկապես երիտասարդության կարիքներն ու շահերը, ինչը կարևոր ներդրում է համայնքի մարզական և սոցիալական զարգացման գործում։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 271 598 լարի, և այն ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով։
