Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվել է հոկտեմբերի 27-29-ը Ստրասբուրգում։
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են տեղական և տարածաշրջանային իշխանությունների գործունեությանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները հաստատել են մի շարք կարևոր բանաձևեր և առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել նաև ճգնաժամային իրավիճակներում տեղական դիմադրողականության ֆինանսավորմանը, գյուղական բնակավայրերից արտագաղթին և սահմանային համագործակցությանը։
Հոկտեմբերի 27-ին նստաշրջանի շրջանակներում տեղի են ունեցել նաև կարգավիճակի կոմիտեների նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են մունիցիպալ զարգացման և տեղական ժողովրդավարության արդիական հարցեր։
Նստաշրջանին Վրաստանը ներկայացրել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Նինո Վարդոսանիձեն՝ պատվիրակության ղեկավարի տեղակալի կարգավիճակով, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճարաձեն և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ Գոգի Փութկարաձեն։
