Ջակարտայում տեղի է ունեցել Ինդոնեզիայի և Իրանի նախագահների հանդիպումը։ Լրատվամիջոցները գրում են, որ Ջոկո Վիդոդոն և Էբրահիմ Ռայիսին նախագահական պալատում երկու ծառ են տնկել՝ ի նշան խաղաղության ու բարեկամության։
Բանակցություններից հետո կողմերը համաձայնագրեր են ստորագրել տնտեսության, առևտրի, մշակույթի, մաքսային, առողջապահության ոլորտներում գործակցության ամրապնդման մասին։ Ռայիսին հույս է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը Ինդոնեզիա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա:
«Մեր երկրները ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի, հաշվարկները կիրականացվեն ազգային արժույթներով»,- նշել է Ռայիսին։
Վիդոդոն հավելել է, որ Իրանը և Ինդոնեզիան կխորացնեն հարաբերությունները և ներդրումներ կկատարեն նաև էներգետիկ ոլորտում: